29/06/2022 12:40
Խոստումներ կյանքում չեմ տալիս. իմ փոխարեն խոսում է կենսագրությունը. Գլխավոր դատախազի թեկնածու (Տեսանյութ)
Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։ ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Վարդապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է իրականացնել այն բարեփոխումները, որոնք այլևս ուշացած արդարադատություն չեն իրականացնելու։
«Ինչպե՞ս եք կարողանալու ձեր պատկերացումները կյանքի կոչել, երբ որ համակարգը տասնյակ տարիներով աշխատել է նույն սկզբունքներով», - հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավորը։
Գլխավոր դատախազի թեկնածուն էլ ասաց, թե չի գնում պաշտոն զբաղեցնելու, ասաց՝ երկար է մտածել այս հարցի շուրջ։
«Ինձ հեշտ չի տրվել որոշում կայացնել ու ասել՝ այո, որովհետև ինձ համար նաև մասնագիտական արժանապատվության հարց է, այսինքն՝ ձախողում նշանակում է ամբողջ ապրած կենսագրության ձախողում։ Սա իմ կողմից թեթևսոլիկ որոշում չի եղել», - հայտարարեց Աննա Վարդապետյանը։
Նա ասաց, թե իր մասին ասում են՝ դժվար է հետն աշխատել։
«Իմ մասին, եթե իմ ենթականերին հարցնեք, կասեն՝ իր հետ աշխատելը կանխատեսելի է ու դժվար, կանխատեսելի, որովհետև պահանջները հստակ են, դժվար է, որովհետև ես շատ եմ աշխատում ու պահանջում եմ իմ ենթականերից։ Ես կյանքում խոստումներ չեմ տալիս ու թույլ տվեք այս անգամ էլ չտալ, իմ փոխարեն միշտ խոսում է իմ արած աշխատանքն ու կենսագրությունը», - հավելեց գլխավոր դատախազի թեկնածուն։