29/06/2022 12:23
Ինձ մեղադրում են, որ չեմ աշխատել դատախազության համակարգում. գլխավոր դատախազի դիրքը կամք է թելադրում. Աննա Վարդապետյան
Ըստ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազն առավելապես կազմակերպական գործառույթ է իրականացնում։
«Ինձ մեղադրում են, որ ես չեմ աշխատել դատախազության համակարգում, բայց ես կարծում եմ , որ սա հնարավորություն է ինձ՝ այլ տեսանկյունից հարցին նայելու։ Յուրաքանչյուր գործ, որի վերաբերյալ մասնագիտական քննակում է տեղի ունենում, ես նայում եմ մարդու տեսանկյունից ու ինձ համար իմ ամբողջ աշխատանքի ընթացքում կարևոր է լինելու, թե մենք արդյո՞ք պաշտպանում ենք մարդու իրավունքները», - Ազգային ժողովում հայտարարեց Վարդապետյանը։
Նա նշեց, թե դատախազությունը չպետք է թույլ տա, որ տեղի ունենա ինքնադատաստան. դատախազությունը պետք է յուրաքանչյուր գործով տեղեկացված լինի՝ ընդհուպ մինչև մասնագիտական քննարկումներ։
«Եթե անհրաժեշտություն կա, որ գլխավոր դատախազը մասնակցի որևէ քննարկման՝ խնդրեմ։ Իմ աշխատանքի ընթացքում ես երբևէ չեմ խուսափել որևէ քննարկումից, ընդհակառակը, ինքս եմ նախաձեռնել ու խնդրել, որ եթե ունեք իրավական որևէ հարցի վերաբերյալ անհրաժեշտություն, համեցեք, դա է պատճառը նաև, որ ասում են՝ միջամտում է, խանգարում է, ուղղություններ է տալիս, ընդամենը մասնագիտական քննարկման մասին է խոսքը», - ասաց Աննա Վարդապետյանը։
Նա ընդգծեց՝ գլխավոր դատախազի դիրքն այն դիրքն է, որը կամք է թելադրում։