30/06/2022 21:15
Լեհաստանում ողջունել են ամերիկյան մշտական ռազմաբազաների տեղակայման ուղղությամբ արված «առաջին քայլը»
Լեհաստանում ԱՄՆ բանակի 5-րդ կորպուսի մշտական շտաբ հիմնելու որոշումը առաջին քայլն է՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ամերիկյան մշտական ռազմաբազաների տեղակայման ուղղությամբ, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։
«Սա, անկասկած, Եվրոպայի մեր հատվածում ամերիկյան մշտական ներկայության, մշտական ռազմաբազաների տեղակայման սկիզբն է»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարը։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին։ Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն Լեհաստանում կտեղակայի ամերիկյան բանակի 5-րդ կորպուսի շտաբը՝ մշտական հիմունքներով ։ Ռումինիայում ԱՄՆ-ն ռոտացիոն կարգով բրիգադ կտեղակայի, որի առաքելությունը պետք է լինի ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը ՆԱՏՕ-ի արևելյան թևում, իսկ Բալթյան երկրներում ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը կմեծացնի ռոտացիոն սկզբունքով։ Փոփոխությունները ենթադրում են զրահատանկային զորքերի, ավիացիայի, հակաօդային պաշտպանության ուժերի և հատուկ նշանակության ուժերի տեղակայում։