30/06/2022 21:05
Սկզբունքորեն դեմ եմ միջազգային իրավունքի ինստիտուտը վերացնելու մասին պնդումներին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհամաձայնություն է հայտնել միջազգային իրավունքի վերացման անհրաժեշտության մասին կարծիքներին։ Նրա խոսքով՝ որոշ երկրներ փորձում են միջազգային նորմերը փոխարինել իրենց ազգային օրենսդրությամբ, իսկ իրավունքը՝ դիկտատով և միտումնավոր հրաժարվում են հիմնարար իրավունքների սկզբունքներից։
«Այսօր հնչում են խոսքեր, որ օրենքն արդեն չի կարող համարժեք արձագանքել խնդիրներին ու ժամանակակից աշխարհի մարտահրավերներին, բուռն ու հիմնարար փոփոխություններին։ Ավելի ծայրահեղ կարծիքներ են հնչում բուն միջազգային իրավունքի հասկացությունը վերացնելու անհրաժեշտության մասին։ Սկզբունքորեն համաձայն չեմ նման եզրահանգումների հետ»,- Պուտինի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը։
«Անկասկած, միջազգային իրավունքի համակարգը զարգացման կարիք ունի, սակայն, պետք չէ շփոթել պատճառն ու հետևանքները։ Ճգնաժամերն օրենքներին իբրև թե բնորոշ «արատների» պատճառով չեն առաջանում։ Խնդիրն այլ տեղում է՝ իրավունքը՝ դիկտատով, իսկ միջազգային նորմերը՝ առանձին պետությունների կամ պետությունների խմբի օրենսդրություններով փոխարինելու փորձերում, անօտարելի իրավական սկզբունքներից՝ արդարությունից, բարեխղճությունից, իրավահավասարությունից ու մարդասիրությունից միտումնավոր հրաժարվելում»,- ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ մեկ կամ մի քանի պետությունների գերիշխանությունը համաշխարհային ասպարեզում ոչ միայն արդյունավետ չէ, այլև վտանգավոր է և անխուսափելիորեն կառաջացնի լայնածավալ համակարգային ռիսկեր։
«21-րդ դարի բազմաբևեռ աշխարհում տեղ չպետք է լինի ոչ իրավահավասարության, պետությունների ու ժողովուրդների խտրականության համար։ Այդ պատճառով մեր երկիրը կողմ է, որ գործնականում կյանքի կոչվեն հիմնարար միջազգային իրավունքի սկզբունքները՝ պետությունների ինքնիշխան իրավահավասարությունը, յուրաքանչյուր երկրի կողմից զարգացման իր մոդելն ունենալու իրավունքը»,- ասել է Պուտինը։
«Մոսկվան բամզաբևեռ հարաբերություններ է զարգացնում բոլոր այն երկրների հետ, որոնք դրանում շահագրգռված են»,- հավելել է նա։