01/07/2022 14:27
Ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ ծառայողը ԵՊՀ-ում կոտրել է դռան ապակին, վնասել սրճեփ սարքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը կազմվել են հունիսի 27-ին Երևանի պետական համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ-ի հաղորդման հիման վրա։ Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 06։00-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։ Համալսարան է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնամունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի ծառայողների գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մ-ն, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։
Կարճ ժամանակում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Արտաշես Մ-ին հայտնաբերել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշես Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։