01/07/2022 19:51
Գարեգին Երկրորդը ՀՀ-ում Իսրայելի դեսպանի հետ խոսել է Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Այս մասին հայտնում է Մար Աթոռի լրատվության բաժինը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է բերել վերջինիս:
Զրույցի ընթացքում անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին՝ Նորին Սրբությունը ցավով խոսել է անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաև անդրադարձ կատարել Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված բարեկամական հարաբերությանը:
Իր Հերթին դեսպան Յոել Լիոնին կարևորել է երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև փոխգործակցության և բարեկամական հարաբերությունների խորացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց յուրացման քաղաքականության առնչությամբ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն է մաղթել դեսպանին: