01/07/2022 19:00
«Ներդրումները կհորդեն, բայց պետք է իրականացվեն բարեփոխումներ»․ Եվրահանձնաժողովի նախագահը շնորավորել է Ուկրաինային՝ ԵՄ անդամի թեկնածու դառնալու առիթով
«5 ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ Ուկրաինան ԵՄ անդամի թեկնածու կդառնա։ Այսօր Ուկրաինայի ընտրությունն ու Մայդանի մեծ հաղթանակը տոնելու օրն է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ։ Նրա ելույթը տեսակապի միջոցով հեռարձակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայում։
«Եվրոպական ուղով առաջ շարժվելուն զուգընթաց կիրականացվի Ուկրաինան վերականգնումը։ Ուկրաինան կառաջնորդի այս ուղին, և ներդրումները կհորդեն։ Ներդրումների արդյունավետությունը բարձրացնելու և բիզնես միջավայրը բարելավելու համար պետք է իրականացվեն նոր բարեփոխումներ։ Դուք հզոր հակակոռուպցիոն ռեժիմ եք ստեղծել, բայց այժմ անհրաժեշտ են գործիքներ ու ճիշտ մարդիկ, որոնք պետք է ամենակարճ ժամկետում նշանակվեն որպես հակահոռուպցիոն մարմինների ղեկավարներ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա կարևոր է համարել նաև դատական համակարգի «վերակառուցումն» ու այնպիսի օրենքի ընդունումը, որը կբացառի «օլիգարխների կողմից տնտեսական ու քաղաքական կյանքի վերահսկողությունը»։
«Այսօրվա իմ կարևոր ուղերձն է՝ առջևում շատ երկար ճանապարհ կա անցնելու, բայց Եվրոպան ձեր կողքին կլինի այնքան ժամանակ, մինչև դուք հասնեք իր դարպասներին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք՝ Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ է շնորհվել։ ԵՄ անդամ դառնալու համար երկիրը պետք է մի շարք պարտավորություններ իրականացնի՝ ակտիվացնի կոռուպցիայի դեմ պայքարը, իրականացնի դատական բարեփոխումներ, վերացնի օլիգարխների «ինստիտուտի» գոյությունը երկրում։