01/07/2022 18:28
Իշխանությունը կարողացավ շատ լավ օգտվել իր ունեցած լծակներից, իսկ ընդդիմությունը կորցրեց դրանք. Հրանտ Միքայելյան
Քանի որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունն ընդդիմության կողմից ճնշումների տակ էր գտնվում, այժմ ուզում է պատասխանել և փաստացի այս պահին քաղաքական գործընթացներում նախաձեռնողի դեր է ստանձնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին համապատասխանաբար ԱԺ փոխնախագահի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից զրկելու գործընթացներին։
Մեր զրուցակցի խոսքով՝ կարելի է ասել, որ իշխանության նախաձեռնողականությունը հաջողվում է, որովհետև ընդդիմությունը, հայտարարելով ԱԺ-ից դուրս պայաքարի մասին, հնարավոր բոլոր սցենարները չէր հաշվարկել։
«Օրինակ՝ այն, թե ինչ պետք է անի, եթե իշխանությունն իրեն զրկի մանդատներից կամ խորհրդարանում ունեցած պաշտոններից։
Այժմ, հաշվի առնելով, որ իշխանությունը բավական թվով մանդատներ ունի և կարող է գրեթե ցանկացած որոշում անցկացնել Ազգային ժողովում, դրան հակառակ՝ ընդդիմությունը լավ չի հաշվարկել հնարավոր զարգացումները։
Կոնկրետ այսօրվա սցենարին ընդդիմությունը պատրաստ չի եղել և երբ փաստի առաջ է կանգնել, ստիպված ինքն է սկսել հրաժարվել խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Ամեն դեպքում, սա համարժեք քայլ չէ»,- ասաց Հրանտ Միքայելյանը։
Քաղաքագետի խոսքով՝ կային բազմաթիվ հնարավորություններ՝ «ավելի գրագետ» արձագանքելու իշխանության գործողություններին, սակայն ընդդիմությունը գերադասեց գնալ ամենապարզ ճանապարհով։
«Ընդդիմությունը չուզեց կամ չկարողացավ ավելի կրեատիվ մոտենալ կամ գնալ իրավական ճանապարհով՝ պահանջելով վերադարձնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակում իշխանությունը կարողացավ շատ լավ օգտվել իր ունեցած լծակներից, իսկ ընդդիմությունը կորցրեց դրանք»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։