02/07/2022 19:52
Մեզ պետք է շատ անհագստացնի այն, որ Չինաստանը կարող է Լուսինն իր սեփական տարածքը հայտարարել․ NASA-ի ղեկավար
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) ղեկավար Բիլ Նելսոնը մտահոգություն է հայտնել, որ Չինաստանը մի օր կարող է Լուսինն իր սեփական տարածքը հայտարարել։ Այս մասին Նելսոնն ասել է Bild պարբերականին տված հարցազրույցում։
«Մենք պետք է շատ անհանգստանանք նրանից, որ Չինաստանը վայրէջք կկատարի Լուսնի վրա ու կասի՝ «Սա մեզ է պատկանում, իսկ դուք հեռու մնացեք»»,- ասել է Նելսոնը։
Նրա պնդմամբ՝ Չինաստանի տիեզերական ծրագիրն իրականում ռազմական տիեզերական ծրագիր է։
«Տիեզերքն ուսումնասիրելու մեծ մրցավազք կա, այս անգամ՝ Չինաստանի հետ»,- ասել է NASA-ի ղեկավարը՝ մտավախություն հայտնելով, որ Չինաստանն ավելի կտրուկ քայլերի է պատրաստ։
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է տեղի ունենալ չինական տիեզերակայանում։ Նրանք այնտեղ սովորելու են՝ ինչպես ոչնչացնել ուրիշներին պատկանող արբանյակները»,- ասել է Բիլ Նիլսոնը։
Նշենք, որ Լուսնի հետզոտման պետական ծրագիրը Չինաստանում հաստատվել է 2004 թվականին։ 2019 թվականին Չինաստանն այս ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցել ․ չինական տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում և արժեքավոր տեղեկություններ հավաքել։