02/07/2022 17:57
Հայտնի է՝ ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի այն դիտարկումներին, թե կարծրատիպերը կոտրելով՝ «կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ»։ Թորոսյանը նաև պնդել էր՝ «․․․մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ»։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այս պնդումների առնչությամբ սոցցանցում գրել է․
«ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքում խոսելով հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերություններից, նշել է, թե մենք հիմա ապրում ենք կարծրատիպով, որ հնարավոր չէ խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Նա խորհուրդ է տվել կոտրել այդ կարծրատիպը: Միաժամանակ ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը՝ մասնավորապես պատճառաբանելով, թե ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները պարզապես չեն կարողանում կամ չեն ուզում շփվել ռուս համանախագահի հետ:
«Կարծրատիպը» կոտրելու անհրաժեշտությունը Թորոսյանը պայմանավորել է տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությամբ: Մինչդեռ պատմությունը ցույց է տվել, որ տեղապտույտը հենց այս անհեռատես օրակարգն է, որը մշտապես ունեցել ենք ու անհաջողության ենք մատնվել: Հայտնի է բոլոր ժամանակներում լսված՝ «էս թուրքերն էն հին թուրքերը չեն, սրանք լրիվ նոր ու «քաղաքակիրթ» թուրքեր են» ձևակերպումը: Այս պատմական փաստի մասին մի հրաշալի ներկայացում ունի նաև Վարդան Պետրոսյանը: Նա շատ պատկերավոր ներկայացնում է, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ:
Ես մշտապես պնդել եմ, որ խաղաղությունն իսկապես անհրաժեշտություն է, սակայն այն չի կարող գոյություն ունենալ, երբ քեզ պարտադրում են, իսկ դու մուրում ես: Արսեն Թորոսյանի իշխանությունն ապացուցել է, որ այդ խաղաղություն կոչվածն իրենք, մեր անունից, մուրում են: Իսկ համաշխարհային պատմության բոլոր վկայությունները հաստատապես փաստում են, որ չի կարող գոյություն ունենալ պարտադրանքի լեզվով խաղաղություն: Դրանք հակադրություններ են, բնությանն ու քաղաքակրթությանը դեմ սպասելիքներ:
Եվ ուրեմն, քանի դեռ չունենք ազգային իշխանություն, որը կկարողանա իրապես ապահովել արժանապատիվ և մեզ համար երաշխավորված անվտանգ խաղաղություն, այս պատմական տեղապտույտից մենք այդպես էլ դուրս չենք գա»,- գրել է Արսեն Բաբայանը: