02/07/2022 17:42
Հարավային Օսեթիայում հայտարարել են, որ Վրաստանն իրենց անվտանգությանը սպառնացող գործողություններ է անում
Հարավային Օսեթիայի պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը հայտարարել է սահմանի հաճախակի խախտումների մասին, որոնք վրացական կողմն իրականացնում է ԱԹՍ-երի միջոցով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հարավային Օսեթիայի պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը պարբերաբար արձանագրում է Հարավային Օսեթիայի պետական սահմանի խախտման դեպքեր՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք գործարկվում են Վրաստանի տարածքից՝ հանրապետության սահմանային գոտին տեսանկարահանելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։
Հարավային Օսեթիայում այս գործողությունները սադրանք են որակել՝ Վրաստանում հասարակական կարծիք ձևավորելու նպատակով։
«Ենթադրում ենք, որ ստացված տեսանյութերը, որոնցում ֆիքսվում է հարավօսական սահմանապահ ծառայությունների ամենօրյա գործունեությունը՝ վերաբերող պետական սահմանի պաշտպանությունը կազմակերպելուն և իրականացնելուն, հետագայում գործածվելու են իբրև թե «սողացող օկուպացիայի» մասին հասարակական կարծիք ձևավորելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից ԱԹՍ-երը կարող են կիրառվել դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար՝ պետական սահմանից այս կողմ հարվածային միջոցներ տեղափոխելու միջոցով, Հարավային Օսեթիայի պետական անվտանգության կոմիտեն Հարավային Օսեթիայի օդային տարածք վրացական ԱԹՍ-երի ներխուժման փաստերը համարում է սպառնալիք հանրապետության անվտանգությանը»,- նշված է հաղորդագրությունում։