02/07/2022 19:38
«Դա չի նշանակում, որ բորշչը դադարում է լինել նաև մեր ժառանգությունը»․ Մոսվայում արձագանքել են ուկրաինական բորշչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկելու որոշմանը
Ուկրաինական բորշչ պատրաստելու մշակույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելն ընդամենը ուկրաիանական կողմի PR-ի համար է արվել, Ռուսաստանը դրանից ոչ մի վնաս չի կրում, հատկապես, որ Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում այդ հրաշալի ճաշատեսակի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր կան, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Սննդամթերքի արտադրության մոսկովյան համալսարանի սննդի արդյունաբերության ամբիոնի դոցենտ Դմիտրի Բիստրովը։
Ուկրաինական բորշչ պատրաստելու «մշակույթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկվել է նախօրեին, այն համարվել է հրատապ պաշտպանության կարիք ունեցող տարր՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։
«Նրանում, որ Ուկրաինան դա ներկայացնում է որպես իր մշակութային ժառանգություն, սարսափելի ոչինչ չկա։ Մեկ այլ ժամանակաշրջանում դա կարելի էր նաև ողջունել ու ասել՝ այո, ուկրաինական բորշչն իրոք գոյություն ունի ու լավ է, որ նրանք դրանով հպարտանում են։ Բայց այն, որ նրանք բորշչը հռչակել են իրենց ժառանգությունը, չի նշանակում, որ բորշչը դադարում է լինել նաև մեր ժառանգությունը։ Չի նշանակում նաև, որ մենք ստիպված ենք ամենուր ճաշացանկերում վերանվանել այն։ Այդպիսի բան, իհարկե, չի լինի։ Դա մեզ վրա էական ազդեցություն չի ունենա։ Բորշչը ներառված էր անգամ մեր տիեզերագնացների ճաշացանկում՝ Յուրի Գագարինի թռիչքից ի վեր»,- ասել է Բիստրովը։