04/07/2022 17:46
Թուրքական վարչախմբի ղեկավարը հակված է Սիրիայի նկատմամբ էլ ավելի թշնամական քաղաքականություն վարել․ դեսպան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունները՝ Սիրիայում այսպես կոչված անվտանգության գոտի ստեղծելու մասին, հակասում են Սիրիայի կարգավորման հարցով Աստանայի գործընթացում Անկարայի՝ երաշխավոր երկրի դերին, հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը։
«Թուրքական վարչախմբի ղեկավար Էրդողանն աշխարհում ընթացող իրադարձություններն օգտագործում է՝ Սիրիայի նկատմամբ էլ ավելի թշնամական քաղաքականություն վարելու համար։ Մասնավորապես, նա մտադրություն է հայտնել ստեղծել այսպես կոչված՝ անվտանգության գոտի, ինչն իրենից Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ բացահայտ ոտնձգություն է ներկայացնում և սպառնալիք է հանդիսանում Սիրիայի տարածքային ամբողջականությանը, իչպես նաև լիովին հակասում է Թուրքիայի՝ Աստանայի գործընթացում երաշխավոր երկրի դերին»,- ընդգծել է դիվանագետը՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում։
ՌԴ-ում Սիրիայի դեսպանը հավելել է, որ Աստանայի գործընթացը կարևոր հարթակ է, որի շրջանակում նշանակալից արդյունքներ են ձեռք բերվել Սիրիայում կարգավորման հարցում․ Իրանն ու Ռուսաստանը հավատարիմ են մնացել երաշխավորի իրենց ստանձնած դերին՝ ի տարբերություն Թուրքիայի, որն իրեն դրսևորել է որպես զինված ահաբեկչական խմբավորումների երաշխավոր ու աջակից։
Նշենք, որ հունիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է «անդրսահմանային գործողություն» իրականացնել Սիրիայի հյուսիսում և Անկարայի ստեղծած «անվտանգության գոտում» ներառել Եփրատ գետի արևմտյան ու արևելյան ափերի շրջանները, որոնք այժմ վերահսկվում են քրդերի կողմից։ Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել էր Սիրիայի տարածք իր մոտալուտ ներխուժումն արդարացնելու համար մտացածին պատրվակներ հորինելու մեջ։ Ասադը նշել էր, որ Անկարայի գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտումներ են։