07/07/2022 18:10
Ինչպե՞ս ճիշտ լվանալ մրգերն ու հատապտուղները
Ուտելուց առաջ մրգերն ու հատապտուղները ոչ միայն պետք է լվանալ, այլև՝ լավ լվանալ։
Արմատապտուղները (գազար, բազուկ, սոխ, սխտոր, բողկ և այլն) պետք է ջրում թրջել 10-15 րոպեով, մաքրել խոզանակով և մանրակրկիտ լվանալ։
Կանաչեղենը ևս անհրաժեշտ է 15 րոպեով թրջել ջրում՝ հաճախակի փոխելով ջուրը։ Տարատեսակ միջատներից ազատվելու համար ճիշտ է կանաչեղենը 30 րոպեով թրջել աղաջրում կամ քացախաջրում (1լիտր ջրին 1 ճաշի գդալ աղ կամ քացախ)։
Հատապտուղները պետք է մեկ շարքով դասավորել քամիչի մեջ և հոսող ջրի տակ լվանալ 5 րոպե։ Ելակն արժե ջրում թրջել 5-10 րոպե, իսկ հետո լվանալ հոսող ջրի տակ։
Ներմուծված միրգ-բանջարեղենը, որոնց վրա երկար ժամանակ թարմ պահպանվելու համար պարաֆին է քսված, ճիշտ կլինի խոզանակով լվանալ տաք օճառաջրում, այնուհետև լավ ցողել հոսող ջրով։ Կարելի է նաև հեռացնել մրգերի կեղևը։
Հաստ կեղևով մրգերը՝ բանան, նարինջ և այլն, բավական է մանրակրկիտ լվանալ հոսող ջրով՝ կրկին օգտագործելով խոզանակ։
Իսկ եթե նախատեսում եք մրգերն ավելի ուշ օգտագործել, լավ կանեք՝ դրանք միանգամից չլվանաք, քանի որ խոնավությունը կարող է բորբոսի և սնկերի առաջացման պատճառ դառնալ։
Հասուն մրգերը պահեք սառնարանում, իսկ ոչ այնքան հասունները՝ սենյակային պայմաններում։ Խաղողը ցանկալի է պահել սառնարանում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։