07/07/2022 12:06
Տարկետման ինստիտուտը վերադարձնում ենք բուհական համակարգ. Վարչապետ
Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե, ըստ էության, այս նախագծով տարկետման ինստիտուտը վերադարձնում են բուհական համակարգ:
Նա ասաց, թե այդ որոշումը կայացնում են՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն:
«Այսինքն՝ մենք ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է բանակից կամ տարկետում է ստանում, այլ՝ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական բուհերի, մասնագիտությունների կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված կառավարության ծրագրից ու գործունեության առաջնահերթություններից», - ասաց վարչապետը:
Փաշինյանն այս թեմայի շրջանակներում անդրադարձավ նաև ընդունելության քննություններին՝ ասաց, թե Հայաստանում ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում, ու դրա պատճառներից մեկն այն է, որ տարկետման ինստիտուտը չկա:
«Մենք նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում են ոչ թե կրթության նկատառումներով, այլ՝ տարկետման իրավունքից օգտվելու նկատառումներով», - նշեց նա: