07/07/2022 12:29
Բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան. պետք է գնալ ու ապամոնտաժել այն տեղերում, որտեղ ապօրինի է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մայրուղիների երկայնքով վթարների դեպքերի հետ կապված խաչքարերի տեղադրմանը:
«Պատկերացրեք՝ բոլոր վթարների առիթով մայրուղիների, ճանապարհների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի արդյունքում: Կներեք, մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան, հասկանո՞ւմ եք ուր ենք գնում, ուր ենք շարժվում, լավ, ասենք՝ «դե, ոչ մեկին չնեղացնեք, բան չասենք», բայց սա, ի վերջո, հակապետական, ապապետական դրսևորում է, չի կարելի ուղղակի», - հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, թե ավելի լավ է մտածել՝ ինչ անել, որ բարձրացնեն երթևեկության անվտանգությունն ու կարգապահությունը:
«Պետք է շատ խիստ հետևենք: Կներեք, պետք է գնալ ու ապամոնտաժել այն տեղերում, որտեղ ապօրինի ձևով է այդ ամենն արված, հակառակ դեպքում, մենք ուրիշ տեղ ենք գնում», - նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե Հայաստանում հարյուրավոր հուշարձաններ կան, որ փլուզման եզրին է. կոչ է է անում 1000, 5000 կամ 10 000 դրամները նվիրաբերել հուշարձանների վերականգնմանը: