09/07/2022 18:27
«Ամենաճիշտ վայրն է ընտրվել, որ Հիսուս Քրիստոսը բոլոր տեղերից պահապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյանը՝ արձանի կառուցման մասին
Հիսուս Քրիստոսի արձանը ամենատարբեր վայրերում տեղադրելու առաջարկներ են եղել, բայց ընտրվել է Հատիս լեռը, որովհետև այստեղից երևում է գրեթե ամբողջ Հայաստանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է արձանի տեղադրման համար հենց Հատիս լեռն ընտրվել։
«Ցանկացանք այնպիսի տեղում կառուցել, որ ամբողջ Հայաստանի որ անկյունից էլ նայես, երևա։ Դրա համար երևի ամենաճիշտ վայրն է ընտրվել, որ Հիսուս Քրիստոսը բոլոր տեղերից պահապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց նաև, որ արձանը միասնության խորհրդանիշ պետք է լինի։
«Ամենակարևորը՝ պետք է կարողանանք մեր ժողովրդին համախմբել, որ լինենք միասնական, լինի հույս, հավատ։ Առանց հույսի, հավատի ոչ մի բան չի լինի։ Եթե կա հավատ, հույս, ուրեմն ամեն ինչն էլ իրականանալի է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ դեպի արձան տանող ճանապարհը կառուցվելու է, իսկ արձանից ներքև ընկած հատվածում լինելու են սրճարաններ, սպասարկման այլ օբյեկտներ՝ ըստ ներդրողների ցանկության։
«Ճանապարհի կառուցումը, նախանական, 7 օրվա աշխատանք է պահանջում։ Մյուս կողմից էլ լինելու է նաև ճոպանուղին։ Արձանից ներքև լինելու են սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ, ինչը որ անհրաժեշտ է այցելուների հարմարավետության համար»,- ասաց Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծեց՝ Հիսուս Քրիստոսի արձանի միջոցով պետք է աշխարհին ավելի ճանաչելի դառնանք և ըստ արժանվույնս ներկայանանք որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած երկիր։