15/07/2022 15:02
Մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն կարևոր խնդիրներ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն բացման խոսքով հանդես է եկել «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում անցկացվող «Միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխում» խորագրով շահագրգիռ կառույցների մեկնարկային հանդիպմանը:
Պաշտպանն իր ելույթում նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանների գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև՝ ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում:
Ի թիվս այլնի՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե՛ օրենսդրական և թե՛ գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին և ընդգծել, որ մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ ապաստան հայցողների չվերադարձելիության սկզբունքի ապահովումը՝ անկախ փախստականի կարգավիճակ ստանալուց, անվճար թարգմանության ինստիտուտի օրենսդրական ու գործնական ապահովմանն ապաստան հայցողների հետ հաղորդակցվող բոլոր պետական մարմինների, ներառյալ սահմանապահ զորքերի, ոստիկանության, քրեակատարողական վարչակազմի կողմից և այլն: