22/07/2022 19:21
«Կարծում եմ՝ նշված հայտարարությունն, այնուամենայնիվ, նախապայման չէր»․ Աղաջանյանը՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու՝ թուրքական պահանջի մասին
Անկարայի կոմից հայ-թուրքական գործընթացը հայ-ադրբեջանականին ուղիղ կապելը՝ պահանջելով բացել «Զանգեզուրի միջանցքը», ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի կարծիքով, ո՛չ պայմանավորվածության խախտում է, ոչ էլ Թուրքիայի կողմից նախապայմանի առաջադրում։ Այս մասին Աղաջանյանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ է հայ-թուրքական գործընթացն առանց նախապայմանների առաջ տանելու մասին հայտարարելուց հետո Թուրքիան, այնուամենայնիվ, պահանջում բացել «Զանգեզուրի միջանցքը» և արդյոք դա հենց նախապայման չէ՞։
«Ես կարծում եմ՝ ձեր նշած հայտարարությունն, այնուամենայնիվ, նախապայման չէր։
Թուրքիան, ըստ էության, մշտապես այդ դիրքորոշմամբ է հանդես եկել, որը մեզ համար ընդունելի չի եղել: Հայկական կողմը արձանագրել է, որ հաճախ թուրքական կողմի հայտարարությունների և գործողությունների մեջ, ցավոք, կա բաժանում և մեր խնդիրներից է՝ այդ թվում նաև ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, ես արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»,- ասաց Աղաջանյանը: