22/07/2022 18:25
Ընդդիմությունը ոչնչով սահմանափակված չէ․ պայքարը փողոցում չի ավարտվել, իսկ խորհրդարանում մանդատ ունեցող ուժերը նաև խորհրդարանը պետք է դիտարկեն որպես պայքարի գործիք․ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հայտարարել է՝ ոչինչ չի կարող ընդդիմությանը հետ պահել իր օրակարգից ու նպատակից, իսկ իշխանության ջանքերը՝ ուղղված նրան, որ քարոզչական գործիքներով հասարակությանը համոզեն, թե «շարժումը մարել է», զուր են։
«Ընդդիմության գործողությունները կոնկրետ անհանգստության մեջ են պահում կապիտուլյանտներին: Չգիտեն՝ ինչպես վարվել: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով, տարբեր լեզուներով Հայաստանի դեմ տեղեկատվական տեռոր է իրականացնում՝ թրքացնելով Հայկական սահմանային և այլ բնակավայրերի անուններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները: Փոխարենը՝ կապիտուլյանտների հայկական քարոզչամեքենան բան ու գործ թողած՝ լծվել է ընդդիմադիր շարժման դեմ հակաքարոզչությանը:
Ժողովրդի ուղեղները լվանալով՝ փորձում են ամեն կերպ ցույց տալ, իբր շարժումը մարեց: Այսինքն՝ դրանով ցանկանում են ասել, որ հայ ժողովուրդը դեմ չէ իր հայրենի տարածքները հանձնելուն և երկրորդ անգամ կապիտուլացվելուն: Դրանով մարդկանց աչքերին թոզ են փչում, իբրև թե ընդդիմությունը չի կարողանում, կամ չի ցանկանում բավարար չափով պայքարել թրքացման օրակարգերի դեմ: Այնինչ հիասթափությունը ոչ թե հայ ժողովրդի մոտ է լինելու, այլ հենց կաիպտուլյատնտների ու նրանց թրքական տերերի:
Այո՛, ոչ մի բանով սահմանափակված չէ ընդդիմությունը և ոչինչ չի կարող նրան հետ պահել իր հիմնական նպատակից և օրակարգից: Պայքարը փողոցում չի ավարտվել, իսկ խորհրդարանում մանդատ ունեցող ուժերը նաև խորհրդարանը պետք է դիտարկեն որպես պայքարի գործիք: Երբ պետք լինի կապիտուլյատնտների դավադիր ծրագրերի դեմն առնել փողոցում՝ դա արվել ու արվելու է: Պատահական չէ, որ Չավուշօղլուն հերթական անգամ երեկ բողոքեց հայկական ընդդիմությունից՝ նշելով որ խանգարում են իրենց ծրագրերին:
Իսկ երբ անհրաժեշտ լինի կապիտուլյատնտների դեմ պայքարել խորհրդարանում, ընդդիմությունը լինելու է պայքարի այդ գծում:
Ո՛չ փողոցում, ո՛չ խորհրդարանում նիկոլականները չեն կարողանալու կաշկանդել ընդդիմության օրակարգը:
Իսկ օրակարգը մեկն է: Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը չի՛ վաճառվում, շահագործման չի՛ տրվում և չի՛ ծառայում թուրք-ադրբեջանական շահերին:
Հայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլացված իշխանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչը: