22/07/2022 18:36
«Թալիբանի» առաջնորդն Աֆղանստանի քաղաքացիներին ու լրատվամիջոցներին արգելել է քննադատել իշխանությանը․ հատուկ հրամանագիր է ստորագրել
Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունձադան արգելել է «անհիմն մեղադրել և անխնա քննադատել» իշխանության ներկայացուցիչներին, հայտնում է Bakhtar գործակալությունը։
«Անթույլատրելի է անհիմն մեղադրանքներ ներկայացնելը Աֆղանստանի Իսլամական Էմիրության պաշտոնյաների հասցեին, ինչպես նաև նրանց հասցեին անխնա քննադատություններ հնչեցնելը»,- թալիբների առաջնորդի հրամանագիրն է մեջբերել գործակալությունը։
Նշված հրամանագիրը պարտադիր է Աֆղանստանի բոլոր քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Դրա խախտման համար պատասխանատվություն է սահմանված, սակայն թալիբների առաջնորդի հրամանագրում չի հստակեցվում՝ կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։