23/07/2022 16:03
Այս իշխանությունը Հայաստանի, Արցախի շահերը սպասարկելու փոխարեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, հետևաբար, հայանպատ օրակարգ չի կարող բերել խորհրդարան, որին մենք մասնակցենք․ Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերջին հարցազրույցը, որտեղ խոսվում է աշնանը ընդդիմության՝ Ազգային ժողով գնալ-չգնալու հարցի մասին, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: News.am-ն Իշխան Սաղաթելյանից պարզաբանում է խնդրել՝ կա՞ արդյոք փոփոխություն նախկին դիրքորոշումների մեջ կամ առկա՞ են նոր որոշումներ:
«Իհարկե, որևէ փոփոխություն չկա մեր նախկին դիրքորոշումների մեջ: Ի միջի այլոց, ասել եմ այն, ինչն ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում, պարզապես որոշ լրատվականներում տեքստից կտրված վերնագիր գնաց, որն էլ ինչ֊որ շրջանակների կողմից շահարկվեց: Ամեն դեպքում, մեկ անգամ ևս կրկնեմ այն, ինչ ասել եմ. եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով․ այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը, որի համար պայքարում է «Դիմադրություն» շարժումը: Այդ օրակարգը շատ հստակ է՝ Նիկոլի հեռացում և Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնությունները: Մենք դրա նախադեպերը ունենք՝ օրինակ, երբ հունիսի 3-ին մեր օրակարգով հրավիրեցինք արտահերթ նիստ, նաև «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ, խոսքս նմանատիպ դեպքերի մասին է, այսինքն՝ մեր պահանջով և մեր օրակարգով: Մնացածը անտեղի շահարկումներ են, որին ուշադրություն դարձնել պետք չէ-», - նշել է Իշխան Սաղաթելյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն, եթե իշխող խմբակցությունը նախաձեռնի քննարկում, կամ կառավարությունը բերի նշված հարցերի վերաբերյալ նախագիծ, ընդդիմությունը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է․
«Ո՛չ, իհարկե, քանի որ այս իշխանությունը Հայաստանի կամ Արցախի շահերը սպասարկելու փոխարեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, հետևաբար իրենք հայանպատ օրակարգ չեն կարող բերել խորհրդարան, որին մենք էլ մասնակցենք»: