25/07/2022 21:12
Ամերիկյան իշխանությունները 15 միլիոն դոլարի պարգևատրում են խոստացել հայտնի հաքերային խմբի մասին տեղեկություններ հաղորդելու համար․ The Times
ԱՄՆ իշխանությունները 15 միլիոն դոլարի պարգևատրում են խոստացել Conti հաքերային խմբի մասին տեղեկատվություն հաղորդողներին։ Խմբի անդամներին կասկածում են Արևմուտքի երկրների թվային ենթակառուցվածքների վրա հաքերային խոշոր հարձակումներ կազմակերպելու մեջ, հայտնում է բրիտանական The Times-ը։
Պարբերականի ունեցած տվյալներով՝ 15 միլիոն է խոստացվել այնպիսի տեղեկատվության համար, որի շնորհիվ հնարավոր կլինի հայտնաբերել ու ձերբակալել Conti-ի անդամներին։ Եվս 5 միլիոն դոլարի դրամական պարգևատրում է նախատեսված հաքերների հետ համագործակցող անձանց մասին տվյալներ հայտնողներին։
The Times-ը գրել է նաև, որ «Սանկտ-Պետերբուրգում կենտրոնացված» հաքերային խմբի նկատմամբ հետաքննություն է տարվում միանգամից երեք երկրի՝ Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կողմից։ Խումբն, ըստ պարբերականի, ներգրավված է եղել Իռլանդիայի առողջապահության ծառայության, Բրիտանիայի Graff ոսկերչական տան և Կոստա-Ռիկայի հարկային ծառայության նկատմամբ իրականացված հաքերային հարձակումներում։