26/07/2022 20:03
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցը․ Լին Թրեյսի
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:
Լրատվամիջոցը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից հետաքրքրվել է․ «Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը: Կարո՞ղ ենք ավելի շատ ներգրավվածություն ակնկալել ԱՄՆ-ից, այնպես, ինչպես մենք տեսնում ենք ԵՄ կամ Ռուսաստանի դեպքում, որոնք մասնակցում են եռակողմ հանդիպումներին»:
Լին Թրեյսին նշված հարցին պատասխանել է․ «Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչև այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում