26/07/2022 21:18
Ջերմային այրվածքներ ստացած զինվորի կյանքը չի հաջողվել փրկել․ Factor.am
Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։ Տեղեկությունը Factor․am-ին հայտնել են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել 8 օր առաջ՝ հուլիսի 17-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի հետ տեղի ունեցածի մասին։
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված էր․ «Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։
«Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»։
Ավելի ուշ մեկնաբանությամբ էր հանդես եկել նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնելով, թե ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում։
«Նա վագոն–տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները»,– նշել էր Թորոսյանը։