28/07/2022 10:17
Գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման մասին
Ռուսաստանը Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու կողմնակից է և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը:
«Մոսկվան դեմ չէ, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացին նոր դերակատարներ միանան, եթե նրանք գործեն եռակողմ հայտարարությունների շրջանակում՝ առանց թաքուն ինտրիգների: Գլխավորը, որ կրկնություններ և թաքուն խաղեր չլինեն ինչ-որ մեկին թուլացնելու նպատակով», - ասել է Նեչաևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Նա վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթներին համապատասխան: