
04/08/2022 13:00
Հայաստանում անձնագրային բաժինների հերթերը կթեթևանան. ոստիկանությունը կառավարման սարքեր նվեր կստանա
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հերթերը կանոնակարգելու համար Հայաստանը, որպես նվիրատվություն, կստանա հերթերի կառավարման 23 համակարգ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Նվիրատուն «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնն է»։
«Տեխնիկական սարքավորումները որպես նվիրատվություն ընդունելը նպատակ ունի բարձրացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվի առնելով ներկայումս նկատվող հերթերի աճման միտումը, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով», - նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Նվիրատվությունը ներառում է 23 հատ հերթագրման սարքավորում, յուրաքանչյուրը` 1200 եվրո արժողությամբ, 23 հատ տեղեկատվական վահանակ, յուրաքանչյուրը` 370 եվրո արժեքով և հերթերի ավտոմատ կառավարման 1 համակարգ` 11 434 630 ՀՀ դրամ արժեքով։