
08/08/2022 18:35
Ինչպե՞ս հասկանալ՝ իմունիտետը բա՞րձր է, թե՞ ցածր և ինչպե՞ս այն վերականգնել
Ժամանակակից մարդն ավելի շատ է սկսել հասկանալ, թե որքան կարևոր է առողջության պահպանումը։ Օբյեկտիվ հանգամանքները շատ են՝ շրջակա միջավայրի աղտոտում, համավարակ․․․ Շատերն են հասկացել, որ դեղամիջոց՝ համատարած բոլոր հիվանդությունների դեմ, հատկապես, եթե դրանք նորահայտ են, գոյություն չունի, ուստի հարկավոր է ավելի շատ հոգ տանել իմունիտետի մասին՝ վարակներից ու տարբեր հիվանդություններից զերծ մնալու համար։
Ինչպե՞ս ուրեմն հասկանալ, որ իմունիտետը թուլացել է
Եթե մարդը տարեկան երկու և ավելի անգամներ է հիվանդանում, իսկ հիվանդությունը չափից ավելի երկար է ձգվում, դա կարող է վկայել, որ իմունիտետի հետ ամեն ինչ չէ, որ կարգին է։
Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե հիվանդության առաջին 2-3 օրերին քթից հոսող արտադրությունը նվազում ու վերանու՞մ է, թե՞ ոչ։ Եթե այո, ուրեմն իմունիտետը բարձր է և թույլ չի տվել, որ վարակը զարգանա։
Իմունիտետի անկման մասին է վկայում նաև գրեթե ամբողջ ձմռան ընթացքում հազ, քթի փակվածություն, հայմորիտ ունենալը, նույնիսկ եթե այդ ամենը չի ուղեկցվում բարձր ջերմությամբ։ Ցածր իմունիտետի դեպքում մարդը կարող է նաև հիվանդանալ, ապա արագ բուժվել, սակայն շատ կարճ ժամանակ անց հիվանդությունը կրկնվում է և նրան ուղեկցում բավականին երկար ժամանակ։
Սնկային ամենատարբեր հիվանդությունները, հերպեսը ևս վկայում են իմունիտետի անկման մասին, եթե դրանք հաճախակի են կրկնվում։
Ի՞նչ անել՝ ամուր իմունիտետ ունենալու համար
Առաջին հերթին հարկավոր է առողջ ապրելակերպ ունենալ․ քնել 8 ժամից ոչ պակաս, զբոսնել երեկոյան՝ մաքուր օդին, հնարավորինս զերծ մնալ սթրեսից։ Սթրեսը իմունիտետի ամենամեծ թշնամիներից է։ Իմունիտետի ամրապնդմանն օգնում են նաև տարբեր վիտամիններն ու ճիշտ սննդակարգի հետևելը։ Այդ դեպքում վիտամիններ օրգանիզն ստանում է նաև օգտակար մթերքից։
Ո՞ր վիտամիններն ու հանքանյութերն են օգնում ամրապնդել իմունիտետը
Վիտամին А-ն պատասխանատու է իմունային համակարգի հավասարակշռության համար․ այն օգնում է աղիներին կարգավորել իմունիտետը` կանխարգելելով աուտոիմունային հիվանդությունների առաջացումը: Այս վիտամինի պակասի հետևանքով վատանում է տեսողությունը, մաշկի հետ կապված խնդիրներ են առաջանում։
Ցինկն անհրաժեշտ է տիմուսային գեղձի բնականոն աշխատանքի համար․ այդ գեղձը իմունային համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ բազմաթիվ նյութեր է արտադրում։ Բացի այդ, ցինկը լավ է մաշկի, մազերի համար։ Օրգանիզմում ցինկի պակասի մասին կարող են վկայել եղունգների վրա հայտնվող սպիտակ կետերը։ Ցինկով հարուստ են ոստրեն, ձվի դեղնուցը, քնջութը, ընկուզեղենը, միսը, լյարդը։
Վիտամին С-ն պաշտպանող գործառույթ է կատարում։ Ըստ որոշ հետազոտությունների, 2000 մգ վիտամին C-ն կարող է կանխել վիրուսային վարակները։
Վիտամին С են պարունակում մասուրը, սպանախը, սև և կարմիր հաղարջը, կաղամբը, բոլոր ցիտրուսները։ Հրաշալի և օգտակար հյութ կարելի է պատրաստել թուրինջից, նարնջից, կիտրոնից, կոճապղպեղից ու հում բազուկից։ Այն ավելի համեղ դարձնելու համար կարելի է նաև խնձոր ավելացնել։
Իմունիտետը կարելի է բարձրացնել նաև տարբեր բույսեր ու համեմունքներ օգտագործելով
Քրքումն ու կոճապղեղը հայտնի են իրենց հակաբորբոքային հատկություններով։ Կարելի է թեյի մեջ միշտ մի փոքր կոճապղեղի արմատ ավելացնել։ Իմունիտետի համար օգտակար են նաև սխտորն ու սոխը, մատուտակի արմատը։ Խորհուրդ է տրվում օգտագործել չորացրած ու թարմ սնկեր՝ շիտակե, ռեիշի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։