08/08/2022 19:34
Հայտնի դիմահարդար Աիդա Մելքոնյան. Պետք է շատ աշխատել, մշտապես կատարելագործվել եւ ստեղծել սեփական ոճը
Դիմահարդարումը կնոջ համար հաճախ թերապիայի պես է. այն հնարավորություն է ընձեռում կնոջ ներքին եւ արտաքին գեղեցկությունը միաձուլելու։ 17 տարիների ընթացքում Հայաստանի ամենահայտնի դիմահարդարներից մեկը՝ Աիդա Մելքոնյանը, հազարավոր կանանց ու աղջիկների դիմահարդարման միջոցով օգնում է, որպեսզի նրանք ներդաշնակ լինեն իրենց «ես»-ի հետ։
Աիդան մինչ օրս էլ ամենապահանջված դիմահարդարներից է. համագործակցել է պետության առաջին դեմքերի, շոու բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաեւ մի շարք նախագծերի հեղինակների հետ: Օպերայի եւ բալետի պետական թատրոնի կարկառուն ներկայացուցիչները նույնպես նրա հաճախորդներ են: Աիդա Մելքոնյանը պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:
Դիմահարդարն իր աշխատանքներով մասնակցել է տարբեր երկրներում անցկացված մրցույթների: Նրա աշխատանքի գլխավոր առանձնահատկությունը բնական դիմահարդարումն է, որը ընդգծում է դեմքի արժանապատվությունը։ Ցանկացած հաճախորդին գեղեցիկ դարձնելուց առաջ դիմահարդարը փորձում է բացահայտել եւ առաջին պլան բերել նրա ներքին «ես»-ը՝ ստանալով անկրկնելի կերպար:
Այդ հարցում նրան օգնում է հոգեբանի մասնագիտությունը:
Բարդություններից չի վախենում եւ գնում է մասնագիտական այն ուղղություններով, որոնք շատ դիմահարդարներ շրջանցում են, օրինակ՝ տարիքային դիմահարդարումը: Լավագույնին հասնելու ամենակարեւոր նախադրյալը համարում է աշխատասիրությունը, նկարչական տեսողությունը, մշտապես կատարելագործվելու ձգտումը:
Այս հմտությունների շնորհիվ էլ Աիդա Մելքոնյանը քաջատեղյակ է համաշխարհային տենդենցներին։ Պարբերաբար կիսվում է իր փորձով ու գիտելիքներով՝ սկսնակ եւ կայացած դիմահարդարների համար անցկացնելով վարպետաց դասեր: Ինքն էլ երբեք չի դադարում սովորել եւ խորհուրդ է տալիս շատ աշխատել, մասնակցել նախագծերի ու մրցույթների, ինչը յուրաքանչյուր դիմահարդարի համար մեծ հնարավորություն է հմտանալու եւ ոտքերի վրա ամուր կանգնելու:
Պարբերաբար մասնակցում է նաեւ բարեգործական նախագծերի՝ դիմահարդարի արհեստը սովորեցնելով այն կանանց եւ աղջիկներին, որոնց ֆինանսական հնարավորությունները չեն ներում կրթվել այդ ոլորտում:
Դիմահարդարման դաշտը Հայաստանում մրցակցային է, բայց Աիդային չի վախեցնում մրցակցությունը, հակառակը, գտնում է, որ առողջ մրցակցությունը երբեւէ ոչ մեկին չի խանգարել, այն ստեղծում է կատարելագործվելու մոտիվացիա:
Հայտնի դիմահարդարը հիմնադրել եւ երկար տարիներ ղեկավարել է «Աիդա Մելքոնյան» ստուդիոն: Նա համարձակ եւ յուրահատուկ կերպարներ է ստեղծում, մասնակցում տեսահոլովակներ նկարահանելիս, ֆոտոսեսիա կազմակերպելու գործում, նաեւ ֆոտոնկարիչ է: Առաջիններից մեկն է եղել, որ համագործակցելով լուսանկարիչների հետ, ստեղծել է հատուկ կերպարներ, այսինքն՝ կերպարային դիմահարդարում է արել ու ստեղծել ֆոտոշարքեր:
Ի դեպ, հայտնի վարսահարդար-ոճաբան Էդվարդ Պողոսյանը 2014 թ․ աշխարհի չեմպիոն է դարձել մի աշխատանքով, որի դիմահարդարումը կատարել էր Աիդան: Տարբեր նախագծերում էլ ընդգրկվել է ժյուրիի կազմում:
Աիդայի մասնակցությամբ մասշտաբային նախագծերից մեկն էլ 2019 թ․ տեղի ունեցած «Flower Power»-ն էր, որի ընթացքում իրականացվեց հատուկ ֆոտոշարք վառ անհատականություն ունեցող կանանց հետ: Յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծվել էր եզակի, չկրկնվող ծաղկային կերպար, իսկ դիմահարդարումը կատարել էր Աիդա Մելքոնյանը: