08/08/2022 14:37
Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետ են տեղադրել. Համայնքի ղեկավար
Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահները 5 մոդուլային հենակետ են տեղադրել և ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
Այսօր լուրեր էին շրջանառվում, թե Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ է տեղադրվել։ Ըստ լուրերի` ռուսները ստուգում են բոլոր ավտոմեքենաները։
«Արդեն 8-9 ամիս է, ինչ մոդուլային 5 հենակետ կա Մեղրիում` Մեղրի-Ագարակ ճանապարհին և, ընդհանրապես, Արաքսի ափով մեկ։ Արդեն 67 տարի է, ինչ ռուս սահմանապահ զորքերն այստեղ իրենց համապատասխան ստորաբաժանումներն ունեն և ծառայություն են իրականացնում։ Սակայն, վերջին ամիսներին մոդուլային հենակետեր են տեղադրել, և սահմանապահները հավելյալ ծառայություն են մատուցում, որն ամրագրված է «Պետական սահմանի մասին» օրենքով», – ասել է Զաքարյանը։
Նրա խոսքով` իրավիճակից ելնելով, ռուս սահմանապահները ժամանակ առ ժամանակ մեքենաները կանգնեցնում են և ստուգումներ իրականացնում։ Դա, ըստ Զաքարյանի, անվտանգության նկատառումներից ելնելով է արվում։
Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը ստեղծվել է 1955 թվականին։