08/08/2022 19:47
«Ճիշտ է, մեր շանսերը 1 տոկոս են, բայց բոլորը պետք է տեսնեն, որ «Փյունիկը» հեշտ չի հանձնվելու». Եղիշե Մելիքյան
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Այսօր կայացել է հայկական թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախաղախային մամուլի ասուլիսը, հայտնում է Armsport.am-ը։
«Վաղը մեզ համար դժվար խաղ է լինելու, ունենք կորուստներ: Նախորդ խաղի համեմատ 4 ֆուտբոլիստ չկա: Երկուսը ջերմություն ունեն, երկուսը՝ վնասվածք: Անուններ չեմ ասի, որպեսզի մրցակցի գործերն ավելի չհեշտացնեմ, առանց այդ էլ նրանք մտածում են, որ շատ հեշտ խաղ կլինի իրենց համար: Տղաներ կան, որ վստահել ենք իրենց ու վաղը կլինեն մեկնարկային կազմում: Մենք շատ ենք հաղթել այս տարի ու քիչ պարտություն ունենք: Այո, մրցակիցը ուժեղ էր, բայց 0:5 հաշվով պարտությունը ցավոտ էր: Ես բոլորից ներողություն եմ խնդրում այդ հաշվի համար: Մենք վաղը գործ ունենք խաղադաշտում անելու: Սպորտում պարտվելը ամոթ չէ: «Փյունիկը» ցույց է տվել, որ հաղթող թիմ է: Չեմ համարում, որ պարտությունն ամոթ է: Ամոթ կլինի այն, որ մենք չպայքարենք խաղադաշտում: Մենք պայքարել ենք նաև առաջին խաղում․ եթե որակից խեղճացել ենք, ապա բոլորս էլ հասկանում ենք, որ կարող էր այդպիսի բան լինել: Մենք կարողացել ենք մի բան փոխել՝ մենթալիտետ փոխել: Այս հաշվից հետո տեսնում եմ, որ մեր նկատմամբ հավատ կա: Այո, պետք է ռեալ նայել ամեն ինչին ու աշխատելու ենք այն հավատը, որն ունենք երկրպագուների կողմից, արդարացնենք: Ճիշտ է, մեր շանսերը 1 տոկոս են, բայց պետք է բոլորը տեսնեն, որ «Փյունիկը» հեշտ չի հանձնվելու»,-ասել է Մելիքյանը:
Եղիշե Մելիքյանը խոսել է նաև նախորդ խաղում պարտության պատճառների մասին։
«Առաջին հայացքից որ նայենք մեր բաց թողած գոլերը, մենք ճիշտ դասավորվածություն ունեինք, ուղղակի անհատական պայքարների ժամանակ սխալներ կային: Ավելի շատ անվստահություն կար: Երկրորդ հերթին՝ արագությունները, որոնք կարևոր են ժամանակակից ֆուտբոլում: Դա մեծ գումարների հետ է կապված, իսկ մրցակիցը մեծ բյուջե ունի ու կարող է իրեն թույ տալ նման որակի ֆուտբոլիստներ ձեռք բերել: Մեր տղաները սովոր չէին այդպիսի արագության, բայց արդեն փորձ ունեն, թե ինչպես կարելի է խաղալ այդպիսի թիմերի դեմ: Կարող եմ ասել, որ մենք ճիշտ մարտավարություն էինք ընտրել, բայց որքան էլ ճիշտ մարտավարություն ընտրես, անհատական պահերն իրենցն ասում են»,-նշել է մարզիչը:
«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, կսկսվի 21:00-ին: