09/08/2022 19:17
Մեդվեդևը Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, որում վերջինս արևմտյան երկրներին կոչ է արել հատուկ ռազմական գործողության համար պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ամբողջ ազգաբնակչությանը։ Մեդվեդևը հայտարարել է, որ նման մտքեր հնչեցրել է միայն Հիտլերը։
«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն առաջարկել է «պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ամբողջ բնակչությանը»։ Մի ամբողջ ժողովրդի նկատմամբ նման գաղափարներ վերջին անգամ Ադոլֆ Հիտլերն է փորձել կյանքի կոչել։ Այսքանից հետո դեռ հարցեր մնացե՞լ են ուկրաինական իշխանությունների բնույթի մասին»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։
Նշենք, որ ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին նաև կարծիք էր հայտնել, որ արևմտյան երկրները պետք է արգելեն ռուսաստանաբնակների մուտքն՝ իրենց տարածք։ «Ամենակարևոր պատժամիջոցը սահմանների փակումն է, քանի որ ռուսները խլում են հողերը, որոնք մեկ ուրիշին էլ են պատկանում»,- ասել էր նա՝ հավելելով, որ ռուսներն իրենց տարածքում պետք է ապրեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը։