10/08/2022 20:10
Աշխարհի ապագան որոշվում է Աֆրիկայում․ ԱՄՆ պետքարտուղար
Աշխարհի ապագան շատ առումներով կախված է լինելու Աֆրիկայի ապագայից, այդ պատճառով ԱՄՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում հարաբերություններն այս մայրցամաքի երկրների հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ֆրանսիական միջազգային ռադիոյին (RFI) տված հարցազրույցում։
Բլինքենը նշել է նաև, թե ինչու է այցելել Հարավային Աֆրիկա։
«Ոչ այն պատճառով, որ մրցակցում ենք մեկ այլ երկրի հետ։ Սա պարզապես այց չէ կամ ամերիկյան կողմի փոխգործակցություն Աֆրիկայի հետ՝ մեկ այլ երկրի պատճառով։ Ընդհակառակը, այս ամենը տեղի է ունենում, որովհետև աշխարհի ապագան շատ մեծ առումներով որոշվելու է Աֆրիկայում։ Մինչև 2050 թվականը աշխարհի ամեն չորրորդ քաղաքացին աֆրիկացի է լինելու, իսկ մինչև 2025 թվականը Աֆրիկայի բնակչության 50 տոկոսից ավելին 25 տարեկան կամ ավելի երիտասարդ է լինելու։ Հետևաբար, ապագան շատ կոնկրետ որոշվում է Աֆրիկայում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում ավելի ամուր գործընկերային կապեր հաստատել Աֆրիկայի երկրների հետ և միասին հաղթահարել մարտահրավերները։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Հարավային Աֆրիկա է այցելել օգոստոսի 7-ին։ Հարավաֆրիկյան հանրապետությունից բացի, Բլիքենն այցելելու է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Ռուանդա։ Պետքարտուղարի աֆրիկյան շրջագայությունն ավարտվելու է օգոստոսի 11-ին։