10/08/2022 16:16
Ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի ՀՀ վարչապետ․ Էդգար Ղազարյան
Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու 3 ճանապարհ կա, Հանրապետության հրապարակում կայացած հավաքում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մարտավարությունը՝ Ղազարյանը նշեց․
«Առաջինը նրա գիտակցված հրաժարականն է: Մենք պատրաստ ենք նրան բացատրել, որ նա մեր ժողովրդի ամենամեծ թշմամին է, մարդ է, կարող է հասկանալ:
Երկրորդը իրավական ճանապարհն է: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով իրականացրել է պետական դավաճանության քայլեր, և գլխավոր դատախազը որևէ քայլ չի իրականացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու ուղղությամբ»:
Երրորդ կետը, ըստ Ղազարյանի, ԱԺ-ի 1/3-րդի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է։ Ղազարյանի խոսքով՝ թեև երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն հայտարարել իրենց վարչապետի թեկնածուի մասին, բայց ինքն ունի գաղափար, որը, սակայն, պետք է քննարկվի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ԱԺ տանող երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ:
Ղազարյանը նշեց նաև՝ նախատեսում են երեք հանրահավաք անցկացնել։
«Առաջինը՝ օգոստոսի 23-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 2-ին՝ Դիմադրություն շարժման հանրահավաքն է, և երրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ «Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության քննարկման ժամանակ»,- ասաց նա։
Նշենք, որ Էդգար Ղազարյանի ազդարարած նոր շարժումը կրելու է «Անկախության շարժում» անվանումը, մեկնարկելու է 2022 թվականի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և, ըստ Ղազարյանի, պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը:
«Այսինքն, ամենաուշը սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի ՀՀ վարչապետ»,- ասաց Էդգար Ղազարյանը։