11/08/2022 19:51
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, 1 ամսով՝ փուլային տարբերակով փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներով: Այդուհետ 2-րդ գոտու փակման պարագայում երթևեկությունը կիրականացվի 1- ին և 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթևեկելի կլինեն 1-ին և 2-րդ գոտիները: Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երևանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթևեկելի գոտին):
Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պողոտա- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրությունում: