13/08/2022 17:08
ՄԱԿ-ի անկախ փորձագետները թալիբներին հորդորում են չխախտել մարդու իրավունքները
Միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը՝ Աֆղանստանի իշխանություններին հարկադրելու, որ չխախտեն մարդու իրավունքները, նշված է ՄԱԿ-ի անկախ փորձագետների հրապարակած զեկույցում։
«Աֆղանստանցիների ապագան չափազանց մռայլ կլինի, եթե միջազգային հանրությունը լրացուցիչ քայլեր չձեռնարկի, որ «Թալիբանը» փոխի իր քաղաքականությունը և իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության հարցում պարտավորությունները»,- նշված է զեկույցում։
ՄԱԿ-ի անկախ փորձագետները հայտարարել են նաև, որ աշխարհի ոչ մի երկրում կանանց ու աղջիկների իրավունքներն այնքան չեն ոտնահարվում, որքան Աֆղանստանում։ Ըստ զեկույցի՝ այդ երկրում ամենից հաճախ խախտվում են նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց, իրավապաշտպանների, լրագրողների, կրոնական ու ազգային փոքրամասնությունների, քաղհասարակության ներկայացուցիչների իրավունքները։
«Աշխարհի ոչ մի անկյունում կանանց ու աղջիկների իրավունքների խախտումն այսքան լայնածավալ, համակարգային ու համընդգրկուն բնույթ չունի։ Նրանց կյանքի յուրաքանչյուր ոլորտ սահմանափակված է՝ բարոյականության ու կրոնի քողով։ Խտրականությունն ու բռնությունը չեն կարող արդարացվել՝ ոչ մի հիմքով»,- նշել են զեկույցի հեղինակները։
Փաստաթղթում փորձագետներն ակնարկել են նաև, որ եթե Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը չկատարի ստանձնած պարտավորությունները, հնարավոր է միջազգային օգնության դադարեցում և արտասահմանում աֆղանական ակտիվների սառեցում։ ՄԱԿ-ի անկախ փորձագետները միջազգային հանրությանը հիշեցրել են նաև իրենց պատասխանատվության մասին՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։