16/08/2022 17:37
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, տեղեկանում ենք Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի պաշտոնական կայքից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր ցավակցական հեռագրում Ռուսաստանի հոգևոր առաջնորդը նշել է ․
«Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ անկեղծ ցավակցությունս փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի դժբախտությունը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և մտերիմներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին, ի դեմս Երևանյան-Հայաստանյան թեմի հոգևորականների և աշխարհականների, պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Թող բարերար Տերը ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, մխիթարի սգավորներին և շուտափույթ ապաքինում շնորհի տուժածներին»։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը եղբայրական ուղերձ է հասցեագրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ անկեղծ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ և հույս հայտնելով, որ Ամենաողորմած Արարիչը հանգստություն կպարգևի զոհվածների հոգիներին, շուտափույթ ապաքինում կշնորհի վիրավորներին և կմխիթարի սգավորներին: