16/08/2022 16:59
Ղրիմի Ջանկոյի շրջանում տեղի ունեցած պայթյունը դիվերսիայի հետևանք է․ ՌԴ ՊՆ
Ղրիմի Ջանկոյի շրջանում գտնվող ռազմական պահեստը վնասվել է դիվերսիայի հետևանքով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիոն գործողությունների հետևանքով վնասվել է Ջանկոյ բնակավայրի մոտ գտնվող ռազմական պահեստը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում մանրամասնել են, որ վնաս է հասցվել նաև քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, էլեկտրակայանին, երկաթգծին, բնակելի տներին։
«Լուրջ վիրավորում ստացածներ չկան։ Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում՝ դիվերսիայի հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- նշել են ՌԴ ՊՆ-ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի ժամանակով 06:15-ին Ղրիմի Ջանկոյի շրջանում հրդեհ է բռնկվել զորամասերից մեկի ռազմամթերքի ժամանակավոր պահպանման տարածքում, հրդեհի հետևանքով պայթել էր պահեստավորված զինամթերքը։