17/08/2022 18:28
«Ժամանակատար աշխատանք է, հիմա զբաղվում ենք կոնկրետ դրանով»․ փրկարարները մոտավորապես տեղորոշել են՝ որ հատվածում կարող է լինել անհետ կորած քաղաքացին
Այս պահին ևս կատարվում են որոնողական աշխատանքներ։ Ծանր տեխնիկա է աշխատում, հեռացնում ենք ծանր կոնստրուկցիաներ, որպեսզի հնարավոր լինի մոտենալ այն հատվածին, որը մեզ պետք է։ Զուգահեռ կատարվում է հետախուզում՝ անընդմեջ։ Կինոլոգիական ծառայություններն են աշխատում, հատուկ տեխնիկայով ենք աշխատում, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց փրկարարական ջոկատներից մեկի հրամանատար, փոխգնդապետ Համբարձում Վարդումյանը։
Տարածքում աշխատանքի բարդությունների վերաբերյալ Համբարձում Վարդումյանը նշեց․
«Այո, շատ բարդ է, շատ դժվար է այստեղ աշխատել այն առումով, որ զուգակցվել են փլուզումը, պայթյունն ու հրդեհը։ Շատ բարձր ջերմաստիճան է եղել, ծուխ, այրվել են պլաստմասե թունավոր նյութեր, ինչը նույնպես խոչընդոտել է աշխատանքներին»։
Փրկարարական ջոկատի հրամանատարը վերահաստատեց, որ մեկ անհետ կորած քաղաքացի է մնացել, որի որոնման աշխատանքներով էլ զբաղված են։
Հարցին՝ արդյոք հայտնի՞ է, թե որ հատվածքում կարող է լինել անհետ կորած անձը, Համբարձում Վարդումյանը պատասխանեց․
«Վերապահորեն ասեմ՝ այո, հայտնի է։ Աշխատում ենք մոտենալ։ Իրականում բարդ է մոտենալ այն հատվածին, որտեղ կասկածում են։ Ժամանակատար աշխատանք է, հիմա զբաղվում ենք կոնկրետ դրանով»։