17/08/2022 15:05
Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել
Թուրքական «Aynahaber» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ազգությամբ հայ Բերք Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի բարեհաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար (Քայմաքամ), գրում է ermenihaber-ը։
Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։
«Առաջիկա օրերին սպասվում է Բերք Աջարի այցը Բաբադաղ։ Հաշված օրեր են մնացել պաշտոնի ստանձնմանը», - գրում է աղբյուրը։
Պաշտոնավարելու դեպքում 27-ամյա Աջարը կլինի առաջին հայը, ով հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կզբաղեցնի նման պաշտոն։ Նա փոխարինելու կգա վարչական շրջանի նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշին։
Բերք Աջարը ծնվել է Ստամբուլում 1995-ին։ Ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան դպրոցը և «Լույս» վարժարանը։ 2020-ին եղել է «Բիլգի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Աշխատանքի է անցել Շիշլիի փաստաբանական գրասենյակում։