17/08/2022 20:17
Նանսենի անվան թանգարանի տարածքից՝ արձաններ, խանութից՝ բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ գողացած անձինք ձերբակալվել են (Տեսանյութ)
Օգոստոսի 9-ի առավոտյան գողության վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Նանսենի անվան թանգարանի տարածքից գիշերը գողացել էին արույրե երկու արձան:
Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել տեղազննություն, անհրաժեշտ այլ գործողություններ, քրեական հետախույզները մշակել են վարկածներ, որոնցից ամենահավանականը վերցվել է որպես ուղեցույց: Արձանները արվեստի բացառիկ նմուշներ չէին, սակայն նյութը` պղնձի համաձուլվածքը, հուշում էր, որ արձանները գողացվել էին մասնատելու և մետաղի ջարդոնի կետ հանձնելու համար: Վարկածը շուտով հաստատվել է:
Նոր Նորքի քրեական հետախույզները և Երևանի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են երկու հոգի` առանց մշտական բնակության վայրի 44-ամյա և Կոտայքի մարզի Քասախ գյուղում հաշվառված 49-ամյա տղամարդիկ:
Օգոստոսի 13-ի ցերեկը մայրաքաղաքում հայտնաբերվել է հաշվառում չունեցողը, իսկ օգոստոսի 15-ի գիշերը՝ Քասախ գյուղում հաշվառվածը: Երկուսն էլ ձերբակալվել են ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Գողոնը հայտնաբերվել է, ամբողջական է եղել միայն մեկ արձանը: Մյուսն արդեն մասնատել ու հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ, մեկ այլ կետում էլ հայտնաբերվել են արձանի կտորները:
Իրավապահները հայտնաբերել են նաև բջջային հեռախոսների ու աքսեսուարների պահեստ: Հետագա գործողություններով պարզվել է, որ դրանք էլ գողացված են: Այդ հափշտակության վերաբերյալ ահազանգը ստացվել էր օգոստոսի 10-ին: Առավոտյան ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում վաճառակետերից մեկի տերը տվել էր հաղորդում, որ գիշերը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի իր խանութից գողացել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ:
Կատարվում է նախաքննություն: