20/08/2022 16:24
Աշխարհաքաղաքական այս իրավիճակում ԵԱՏՄ մեր գործընկերները գիտակցում են դոլարից կախվածության ռիսկերը․ ՌԴ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում դոլարի օգտագործումը նվազել է` կազմելով գործարքների ընդհանուր ծավալի 21%-ը, իսկ ազգային արժույթով վճարումները հասել են մոտ 75%-ի, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հարցը ԵԱՏՄ-ի օրակարգում է՝ նրա ստեղծման օրվանից։ Այս ընթացքում Միության երկրների միջև ազգային արժույթով վճարումները հասել են մոտ 75%-ի, իսկ դոլարի օգտագործումը նվազել է մինչև 21%»,- ասել է Պանկինը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ծավալված իրադարձություններն ապացուցում են, թե «որքան անհուսալի է դոլարը»։
«Ըստ էության, Վաշինգտոնը ձգտում է մոնոպոլիզացնել միջազգային վճարումների ոլորտը։ Սա մեզ դրդել է ակտիվացնել աշխատանքներն այլընտրանքային, հուսալի մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով ԵԱՏՄ շրջանակներում ձևավորվում է անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածք՝ ձեռնարկատիրական գործունեության մասնակիցների կողմից ազգային արժույթների օգտագործման պրակտիկան ընդլայնելու համար»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Նա միևնույն ժամանակ հավելել է, որ դոլարից ամբողջությամբ հրաժարվելու մասին խոսելը դեռ վաղ է։
«Միության շրջանակներում դոլարից ամբողջությամբ հրաժարվելու մասին խոսելն, իհարկե, վաղաժամ է։ Ի տարբերություն Ռուսաստանի, ԵԱՏՄ առանձին երկրներ, ամենայն հավանականությամբ, դրանից կօգտվեն՝ այն դեպքերում, երբ դա տեղին լինի ու անվտանգ։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակում մեր գործընկերները գիտակցում են դոլարից կախվածության ռիսկերն ու հետաքրքրված են իրենց ազգային արժույթների առաջմղմամբ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։