01/09/2022 10:04
Կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է` սրտացավ և հայրենանվեր քաղաքացիներով. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում և ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում: Առաջին անգամ երեխային դպրոց ուղարկող ծնողի, բուհն ավարտող ուսանողի, բոլորովին նոր աշխարհում հայտնված անհանգիստ, տոնական հագուստի հետ չհամակերպվող աշակերտի և իր առաքելությունը պատվով կատարող ուսուցչի համար սեպտեմբերի 1-ը կարևոր օր է: Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը:
Սիրելի' հայրենակիցներ, կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է` սրտացավ և հայրենանվեր քաղաքացիներով:
Բարի երթ և հաջող ուսումնական տարի եմ մաղթում աշակերտներին, ուսանողներին ու կրթական գործընթացի բոլոր պատասխանատուներին»,-ասվում է ուղերձում։