09/09/2022 18:22
Ալեն Սիմոնյանը համոզված է՝ միջազգային գործընկերներն ու ՀՀ քաղաքացիները չեն զարմանա, եթե իրենք խորհրդարանական ընդդիմությանը մանդատներից զրկեն
Խորհրդարանի աշխատանքները ընդդիմության վերադառնալ կամ չվերադառնալուց որևիցե կերպ չեն տուժում, դանից տուժում է ընդդիմությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ԱԺ նիստերին այսուհետև ևս չմասնակցելու մասին խորհրդարանական ընդդիմության հայտարարությանը։
Ալեն Սիմոնյանը պնդեց նաև, որ իրեն ծանոթ մի հետազոտության արդյունքներով՝ քաղաքացիները բացասաբար են վերաբերվում ընդդիմության՝ խորհրդարան չգալուն։
«Ծանոթացել եմ մի հետազոտության, հարցում է անցկացվել քաղաքացիների շրջանում, հարցվածների գրեթե 90 տոկոսը, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, շատ բացասական են վերաբերվում այդ ոճին։ Ինչ վերաբերում է հետագային, ես չեմ կարծում, որ մենք ևս մեկ անգամ այդ հնարավորությունը իրենց կտանք՝ ամբողջ ժամանակահատվածում չգալ այստեղ, և որ դա մնա առանց հետևանքի»,-նշեց Սիմոնյանը։
Հարցին՝ այսպիսով ինքը խորհրդարանական ընդդիմությանը սպառնում է մանդատներից զրկելու գործընթա՞ց սկսել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ։ Այս անգամ մենք բավարարվեցինք իրենց պաշտոնների հետ կապված արձագանք տալով, մյուս պարագայում այլևս թե՛ միջազգային գործընկեր, թե՛ համաքաղաքացի, չի զարմանա, եթե մենք օգտվենք այդ իրավունքից, որովհետև դա տրամաբանական է»։