12/09/2022 12:34
Ընդդիմությունը փողոցում մնացել է միայնակ. եթե մինչև տարեվերջ չվերադառնան ԱԺ, կզրկվեն մանդատներից. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է պնդել՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է զրկվեն մանդատներից:
Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս թեմայով տարբեր դիրքորոշումներ կան:
«Պետք է նստաշրջանն ավարտվի, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին: Ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛մ ինչ-որ ձևով գալ ու մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով, դա էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում: Տարվա վերջում, ըստ տվյալների, հարցը կմտնի խորհուրդ ու որոշում կկայացվի», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, թե ՔՊ-ում կարծիք է եղել, որ պետք է ընդդիմադիրներին հնարավորություն տալ վերադառնալու, բայց ինքը դեմ է եղել:
«Ես տրամադրված եմ այնպես, որ որևիցե քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Վստահ եմ՝ հաջորդ անգամ մեր խմբակցությունը ավելի խիստ վերաբերմունք կդրսևորի», - ասաց Սիմոնյանը:
Նա, սակայն, հայտարարեց, թե պատրաստ են ծափահարություններով ընդդիմադիրներին ընդունել ԱԺ դահլիճ:
«Մենք իրենց ծափահարություններով ճանապարհեցինք դահլիճից ու պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Իրենք լուսանցքում են հայտնվել ու ներսում ունեն լուրջ քննադատություն ու լուրջ քննարկում. մի մասն ասում է՝ «եկեք վերադառնանք», մի մասն ասում է՝ «որ վերադառնանք, շատ վատ կլինի մեզ»: Եթե մինչև տարվա վերջ իրենք չվերադառնան ու կոնկրետ պատգամավորների բացակայությունների չափն անցնի թույլատրելին, վստահ եմ՝ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որ իրենց կփոխարինեն այն պատգամավորները, որոնք հասկանում են, որ պատգամավորն Ազգային ժողովում աշխատելու համար է», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ ընդդիմությունը փողոցում մնացել է միայնակ. «Իրենց բարի երթ»: