14/09/2022 20:49
Վարդենիսի տարբեր բնակավայրերում թշնամու գործողություններից 60 շինություն է ավերվել, քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր
Թշնամու ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում՝ 10-ից 12, Նորաբակում՝ 5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը, «Արմենպրես»-ին ասել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են կամ լրիվ, կամ մասնակի:
«Ամսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են, տեղափոխվել ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով»,-ասել է նա:
Ահարոն Խաչատրյանը նշել է նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր:
«Նրանք արդեն ապաքինվում են, ծանր վնասվածքներ չեն ստացել: Հոսպիտալից հետո նրանց տեղափոխել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն»,-հավելել է նա: