14/09/2022 17:30
«Կներեք, մենք դիրքի խնդիր չենք լուծում». վարչապետը դիրքեր հետ գրավելու վերաբերյալ հարցին չանդրադարձավ (Տեսանյութ)
Ադրբեջանն արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է ուզում Ադրբեջանը։
«Ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ բան եմ ասում ու հասկանում եմ, որ հիմա շատ մանրամասներ, գուցե, չեմ կարող ասել, բայց նաև պիտի արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած՝ Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթները ի չիք դարձնելու համար», - ասաց նա։
Վարչապետը դիրքեր հետ գրավելու վերաբերյալ հարցին չանդրադարձավ։
«Կներեք, մենք դիրքի խնդիր չենք լուծում, մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, ագրեսորը ՀՀ տարածքից պետք է դուրս գա, Հայաստանի տարածքն այն տարածքն է, որի վրա Հայաստանը հռչակել է իր անկախությունը», - ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ հայ զինվորը, հայ կամավորականն առյուծի նման կռիվ է տալիս։
«Ուզում եմ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտության ու գնահատանքի խոսք ասել բոլոր այն մարդկանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Փառք բոլոր ընկած հերոսներին», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։