14/09/2022 16:49
Հայաստանի դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում. դիտորդական առաքելությունը վաղը կժամանի. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ)
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի ագրեսիային բավականին հասցեական է։
«Անշուշտ, մի շարք երկրների ու կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական է ու ուղիղ, որքան որ մենք կցանկանայինք ու կհամապատասխաներ իրականությանը, բայց աշխատանքները տարվել են ու հիմա էլ շարունակվում են», - Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ նա ասաց, թե Հայաստանը կարծում է, որ դիտորդական առաքելությունը կժամանի վաղը, մնացյալը դեռ քննարկվում են։
«Պետք է ասել, որ Հայաստանի դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում», - հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ առաքելություն ուղարկել Հայաստանի Հանրապետություն՝ առկա իրավիճակը գնահատելու, Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում (որը նախատեսված է անցկացնել աշնանը՝ Երևանում) տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների վերաբերյալ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց ներկայացնելու համար։