19/09/2022 18:56
«Նենսի Փելոսիի հայտարարությունները կանխակալ են»․ Թուրքիայի փոխնախագահը Սպիտակ տնից հստակեցում է պահանջել
«Հայաստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնչեցրած հայտարարությունները կապ չունեն պատմական ու իրական փաստերի հետ, հեռու են բարի կամքի ցուցադրումից, կանխակալ կարծիք են պարունակում՝ սաբոտաժի ենթարկելով դիվանագիտական ջանքերը և բացարձակապես անընդունելի են», ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը պետք է հստակեցնի՝ «ղարաբաղյան հարցի» վերաբերյալ Փելոսիի և «ԱՄՆ հայկական համայնքին ակնհայտորեն աջակցող մի շարք քաղաքական գործիչների» հայտարարություններն արտացոլու՞մ են արդյոք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը։
«Բոլոր միջազգային դերակատարներին կոչ եմ անում պատասխանատվությամբ գործել այն ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կենսականորեն անհրաժեշտ են»,- ասել է Օքթայը՝ հավելելով, որ Թուրքիան վճռական է Ադրբեջանին աջակցելու հարցում։