23/09/2022 20:20
Ռոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին անվտանգային բնույթի օժանդակության հատկացումը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը, հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից՝ նշելով, որ սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։
Մենենդեսը նաև հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց Պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծել է նաև, որ ամերիկյան վարչակազմը չպետք է «անաչառ» երևալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։
Մենենդեսը, մեջբերելով Բայդենի՝ «…երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։
Անդրադառնալով Մենենդեսի գրությանը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ ԱՆի Չաղլասյանը նկատել է. «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Մենենդեսին իր սկզբունքայնության և համառության համար՝ դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այդ գործընթացն ավելի հրատապ դարձավ ադրբեջանական ռմբակոծությունների, ներխուժման և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի պայմաններում։ Աշխատելով սենատոր Մենենդեսի հետ՝ մենք հետամուտ ենք լինելու օրենսդրությամբ և մեզ հասանելի այլ միջոցներով հասնելու դեպի Ադրբեջան ամերիկյան հարկատուների գումարների հոսքի դադարեցմանը»։